Հայկական զանգվածային երաժշտություն

Հայկական զանգվածային երաժշտություն ասելիս նախ պետք է հասկանալ, թե արդյոք Հայաստանում ստեղծվող զանգվածային երաժշտությունը պարտադիր պետք է ազգային տարր ունենա։ Հայկականը ոչ հայկականից տարբերելու միջոցը լադերն են։ Անհրաժեշտ է իմանալ, թե որն է հայկական, որը՝ թուրքական, որը՝ պարսկական լադ, բայց դա միայն մասնագետները կարող են տարբերել։

Կոմիտասագետ Մհեր Նավոյանի խոսքով, զանգվածային երաժշտությունը պարտադիր հայկականություն պահպանելու պարտավորություններ չունի, բայց դա չի նշանակում, որ ցանկալի չէ պահպանել հայկականությունը։  

«Դետք» խմբի պրոդյուսեր Արման Մելքոնյանի կարծիքով էլ պարտադիր չէ, որ Հայաստանում ստեղծվող զանգվածային երաժշտությունն ունենա անպայմանորեն հայկական ելևէջներ։

«Կաթիլ» խմբի անդամ Սևադա Համբարչյանի խոսքով՝ այսօր մարդիկ շատ անգամ ավանդական երգերը ծառայեցնում են իրենց, ոչ թե հակառակը։

Ընդունենք, որ զանգվածային երաժշտության համար հայկականությունը պարտադիր տարր չէ, այս դեպքում խոսքն արդեն պետք է վերաբերի որակյալ երաժշտությանը։

Տարածված կարծիք կա, որ երաժշտության ընկալումը բացառապես սուբյեկտիվ է․եթե որևէ մեկին դուր չի գալիս, ապա մեկ ուրիշին կարող է և դուր գալ, ու ինչ-որ չափորոշիչներ սահմանելը սխալ է։ Մյուս կողմից էլ ինչ-որ հատկանիշներով կարելի է առանձնացնել որակյալ և ոչ այնքան որակյալ երաժշտությունը։

Երաժիշտ Վահագն Պապայանի համար, օրինակ, երաժշտական ստեղծագործության որակական չափանիշներն են օրիգինալությունը, հնարամտությունը, արտահայտչամիջոցների տեղին և գրագետ օգտագործումը, մտահղացման թարմությունն ու ամբողջականությունը։ Իսկ ստեղծագործության վերլուծությունը կատարում է հետևյալ 8 դիտանկյուններից՝ մեղեդի և հարմոնիա, ռիթմ և մետր, կառուցվածք և ձև, տեմբր և կերտվածք։ Եթե խոսքը վերաբերում է երգին, այս ութին գումարվում են նաև խոսքերը։

Եթե փորձենք առանձնացնել այսօր Հայաստանում մեծ տարածում գտած ժանրերը, ապա մեր նախորդ թվարկածներին (փոփ, ռոք, ջազ, բլյուզ, ռեգգի, հիփ-հոփ, էլեկտրոնային) պետք է, իհարկե, գումարել ռաբիսը և հեղինակային երգերը։

https://bit.ly/3szRx7O «Ո՞վ կհանդիպի» Project LA
https://bit.ly/3tB «Դու իմ հինգերորդ եղանակ» Օքսի Ավդալյան և
Գևորգ Սիրեկանյան

Յութուբյան դիտումներն, անշուշտ, երգի տարածվածության չափման հիմնական միավորը չեն, երբեմն այդ դիտումներն արհեստականորեն ավելացնում են, սակայն դարձյալ բավական մեծ թիվ են կազմում։ Դիտարկենք այսօր շատ դիտումներ ու տարածվածություն ունեցող երկու երգ։

«Ով կհանդիպի» երգը գրվել է Եղիշե Չարենցի բանաստեղծության հիման վրա։ Երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է, կատարում է Գոռ Սուջյանը։ Երգը զերծ է արևելյան երգեցողությանը բնորոշ մելիզմներից։

«Դու իմ 5-րդ եղանակ» երգի խոսքերի հեղինակը Սյուզի Ավդալյանն է, երաժշտությունը Գևորգ Հովհաննիսյանինն է, կատարում են Օքսի Ավդալյանը և Գևորգ Սիրեկանյանը։ Երգում կան հայկական երգելաոճին ոչ բնորոշ տարրեր, ավելորդ ելևէջումներ (վիբրացիա), ինչպես նաև  բազում սխալ՝ հայերենին ոչ բնորոշ շեշտադրումներ։

Սա չի նշանակում, որ երգերի տեքստերը պետք է պարտադիր հայ բանաստեղծներից վերցնել, բայց դրանք պետք է իմաստ, միտք արտահայտեն, ոչ թե լինեն օդից գտնված, ուղղակի իրար հետ հանգավորվող բառեր։ Որպես օրինակ բերենք «Լավ էլի» խմբի «Սկիզբը» երգի՝ երաժիշտ Վահագն Պապայանի վերլուծությունը:

«Երգը չունի միլիոնավոր դիտումներ, խոսքերի հեղինակը բանաստեղծ չէ, բայց այն որակյալ երգ է։ «Սկիզբը» սկսվում է ստեղնաշարի վրա լարային աղեղնավորների հնչողության ընդօրինակմամբ: Գլխավոր թեման կիթառի կատարմամբ՝ հայկական ռոքի ամենաճանաչելի մեղեդիներից է: Չափը սիրված 6/8-ն է, բնականաբար՝ առանց էժան պարային ռիթմիկայի: Երգի երկրորդ մասը զուտ ինստրումենտալ, գրեթե իմպրովիզացիոն բնույթ ունի, սակայն այստեղ էլ պահպանվում են տրամաբանական կապերը երգի հիմնական մասի հետ: «Սկիզբը» հանգչում է նույն մեղեդային դարձվածքով, որով սկսվեց, կամարաձև եզրափակում ապահովելով»:

https://bit.ly/3naMn1i «Մախմուր աղջիկ»  Արփի

https://bit.ly/3sw0gIh «Մախմուր աղջիկ»  Դետք

https://bit.ly/3egiVD1 «Մախմուր աղջիկ»  Suzy, Dj Artush

Զանգվածային երաժշտության մեջ միտում կա մեր կոմպոզիտորական երգերը տարբեր ժանրերում ներկայացնելու։ Երբեմն լավ է ստացվում, երբեմն՝ ոչ։ Դիտարկենք «Մախմուր աղջիկ» երգի մի քանի տարբերակ։ Խոսքերի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն է, երաժշտության հեղինակը՝ Խաչատուր Ավետիսյանը։ Արփիի և «Դետք»-ի դեպքում պահպանվել է երգի հիմնական թեման, տրամադրությունը։ Երրորդ՝ ռեմիքս տարբերակում երգին խառնվել են դրա տրամադրությանը անհամապատասխան ռիթմեր, ինչը կարելի է բացատրել հենց ակումբային ռեմիքս տարբերակի առանձնահատկություններով, համենայն դեպս, երգի տրամադրությանն այդ տարբերակը համահունչ չէ։

Ամփոփելով, կարող ենք ասել, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, լավ երաժշտություն առաջարկողների լսարանը շատ մեծ չէ, բայց լավ երաժշտություն առաջարկողներ, բնականաբար, կան ու կլինեն։ Լայն զանգվածների հետ աշխատելու համար, երևի թե, նպատակահարմար է պարզունակ տեքստերով, հեշտ ընկալելի ռիթմով երաժշտություն մատուցելը, քանի որ լսարանն այդ պահին ուշադրություն չի դարձնում այդ պարամետրերի վրա։